Հանդիսանալով ՄԱԿ-ի Վիճակագրական Հանձնաժողովի կողմից 1994թ. ընդունված, 2013թ. վերահաստատված և ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 68/261 Բանաձևով 2014թ. հունվարի 29-ին ընդունված Պաշտոնական Վիճակագրության Հիմնարար Սկզբունքներից մեկը` միջազգային վիճակագրական համագործակցությունն ակտիվորեն նպաստում է վիճակագրության զարգացմանը: Միջազգային վիճակագրական համագործակցության բաժինը գործում է 1994թ., որը կառավարում է Արմստատի համագործակցության ողջ գործունեությունը և համակարգում բոլոր միջազգային կապերը, ապահովում Արմստատի ընկալումը միջազգային վիճակագրական հանրության կողմից, ինչպես նաև իրականացնում գործողություններ` ուղղված Հայաստանի պաշտոնական վիճակագրության բարձր ներկայացուցչականության ապահովմանը միջազգային մակարդակով:
Միջազգային վիճակագրական համագործակցությունը նպատակաուղղված է միջազգային վիճակագրական մեթոդաբանությունների, ստանդարտների և դասակարգումների, մոդեռնիզացման գործիքների և ժամանակակից ՏՀՏ ներդրմանը, անձնակազմի գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, մասնագիտական բանիմացության բարձրացմանը:
Արմստատն իրականացնում է բազմաթիվ համագործակցության նախագծեր: Անձնակազմի ուսուցումը հանդիսանում է Արմստատի միջազգային համագործակցության քաղաքականության սյուներից մեկը: Ուսուցումը բոլոր համագործակցության ծրագրերի էական բաղադրիչն է:
2011-2013թթ. Արմստատն իրականացրել է «Աջակցություն Հայաստանի վիճակագրությանը Թվինինգի միջոցով» ԵՄ Թվինինգ Ծրագիրը, որի նպատակն էր աջակցել Հայաստանի վիճակագրության արդիականացմանը, ԵՄ չափանիշներին մոտարկված մեթոդաբանությունների ներդրմանը, ԵՄ երկրների հետ ուղղակիորեն համադրելի վիճակագրության արտադրմանը: Ծրագրի գլխավոր գործընկերն էր` Դանիայի վիճակագրական ծառայությունը, կրտսեր գործընկերը` Գերմանիայի վիճակագրական ծառայությունը, մասնակիցներն էին` Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի վիճակագրական ծառայությունները: «Աջակցություն Հայաստանի վիճակագրությանը Թվինինգի միջոցով» ծրագրի բաղադրիչներ էին. որակի կառավարում, բիզնես-վիճակագրության կատարելագործում, ՀՆԱ-ի ամբողջականության բարելավում, գյուղատնտեսական համատարած հաշվառում, հարմոնիզացված սպառողական գների ինդեքս, ՏՀՏ հանրության վիճակագրություն:
«Աջակցություն Հայաստանի վիճակագրությանը Թվինինգի միջոցով» ԵՄ Թվինինգ ծրագիրը Եվրոպական Հարևանության (արևելյան և հարավային) 12 երկրներում իրականացված 100-ից ավելի ԵՄ Թվինինգ ծրագրերից 2011թ. ճանաչվել է հաջողված չորս ծրագրերից մեկը (Եվրոպական Հանձնաժողովի ԵՀԳԳ շրջանակում Թվինինգ, ԹԱՅԵՔՍ, ՍԻԳՄԱ 2011թ. գործողությունների հաշվետվություն` https://www.armstat.am/file/doc/99470788.pdf ):
2015-2017թթ. Արմստատն իրականացրել է «Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում - փուլ II» երկրորդ ԵՄ Թվինինգ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր աջակցել Արմստատին` ինստիտուցիոնալ Թվինինգ ծրագրի միջոցով՝ արդիականացնելով պաշտոնական վիճակագրության հայաստանյան համակարգի կոնկրետ տարրեր: Սույն նպատակը իրագործվել է՝ ներդնելով ԵՄ ստանդարտներին համապատասխանեցված համապարփակ տարածման ռազմավարություն և կազմման մեթոդաբանություններ: Ծրագրի իրականացման ընթացքում առանցքային էր վիճակագրական տեղեկատվության արտադրման նպատակով առկա վարչական ռեգիստրների օգտագործումը: Ծրագրի գլխավոր գործընկերն էր` Դանիայի վիճակագրական ծառայությունը՝ Ֆինլանդիայի, Իտալիայի և Լիտվայի ազգային վիճակագրական ծառայությունների հետ համագործակցությամբ: «Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում - փուլ II» ծրագրի բաղադրիչներն էին՝ Վիճակագրական տեղեկատվության տարածման համակարգ, ժողովրդագրական վիճակագրություն, աշխատանքի շուկայի վիճակագրություն, աղքատության վիճակագրություն, ինովացիոն վիճակագրություն և ջրի հաշիվներ:
Արմստատն ակտիվորեն օգտագործում է TAIEX-ը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ԵՄ հիմնական գործիքը, որը պետական կառավարման մարմիններին տրամադրում է նպատակային և գործառնական աջակցություն։